Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սակարկելու արվեստը ձգտում է առևտրականի երևակայության և մեր հնարավորությունների հավասարակշռության

Սակարկելու արվեստը ձգտում է առևտրականի երևակայության և մեր հնարավորությունների հավասարակշռության
16.12.2024 | 15:25

Ես առհասարակ առևտուր անելիս սակարկել, ոնց որ ասում են՝ գինը գցել չգիտեմ: Դիվանագիտություն հիշեցնող այդ երկխոսությունը իմ օգտին ծառայեցնելու համար բնությունից համապատասխան խելոքություն չեմ ժառանգել, ընդհակառակը, սակարկելու իմ «տաղանդը» կարծես թե հիմնականում ծառայել է վաճառողի օգտին:

Հակառակ վերոհիշյալին, իմ զարմուհի Էլիզան սակարկելու այնպիսի ստեղծագործական պոտենցիալ է գործի դնում, որը կարող էր զարմացնել ցանկացած ֆանտաստ գրողի: Նա սկսում էր նախ քաղցրախոսությամբ շոյել ժլատ վաճառողի բնատուր ինքնասիրությունը և ի զարմանս նրա, չափազանց համոզիչ տոնով նրան իսկ անծանոթ մի շարք դրական հատկություններ «պեղել» նրա բնավորության մեջ: Եվ այնքան համոզիչ տոնով է անում դա, որ, հավանաբար, հաճոյանքից արտակարգ շոյված առևտրականը ակամայից պետք է որ տարակուսեր՝ «լա՛վ, եթե ես էդքան լավ մարդ եմ եղել, էսքան ժամանակ էդ բանը ինչի՞ չեմ իմացել»:

Իսկ եթե բանը հասնում էր նրան, որ առևտրականի ժլատությունը գնի հարցում համառորեն տեղի չէր տալիս, Էլիզը խնդրի լուծումը արդեն ստիպված տեղափոխվում էր կյանքի անցողիկության և անիմաստության հարթություն և կրոնագետի իմաստությունը դեմքին ու ձայնին, քարոզչի շեշտադրությամբ բացատրում էր, որ դրախտի ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելուն հիմնականում խանգարում է մարդու ժլատությունը:

Լավ: Էլ չշարունակենք: Էսքանը ընդունենք որպես հերոսուհուն ներկայացնող փոքր ինչ հումորով բարեհոգի ու արվեստական հորինվածք: Իսկ հիմա գանք մեր հիմնական պատմությանը:

Մի քանի տարի առաջ Հակոբ Պարոնյանի մասին մի մենագրություն էի պատրաստում տպագրության: Գիրքը ձևավորել և էջադրել էր պետք: Ի դեպ, մեր դրամական հնարավորությունները այդքան էլ բավարար չէին: Ինչևէ:

Ընկերներիցս մեկը զանգել էր իր մտերիմ ընկերոջը, որն այդ գործի մասագետն էր: Գնացինք: Զարմուհիս նախապես ասաց՝ դու գործ չունես, գնի մասին ես կխոսեմ: Առաջին հայացքից այդ մարդը իր վարմունքով, քաղաքավարական շարժուձևով, նաև խոսելու կուլտուրայով կիրթ մտավորականի՝ ինտելիգենտի, ազնվական մարդու տպավորություն թողեց:

Էլիզան դա արագ նկատեց ու շինծու սիրալիրությամբ սկսեց:

- Անկեղծ որ ասեմ, ես ուղղակի հիացած եմ, պարզապես շատ հաճելի է Ձեզ նման ինտելիգենտ, ազնվական մարդու հետ գործ ունենալը:

Այդ մարդը բարեհոգի ժպտաց ու ասաց՝ շնորհակալ եմ:

Հետո հարցրինք, թե ի՞նչ գնով է անելու գործը: Գրքի տվյալները իմացավ ու շատ բարձր գին ասեց: Պարզ էր, որ այդ գինը մեզ ձեռք չէր տալիս: Ասացի՝ լավ կմտածենք ու Ձեզ կպատասխանենք: Մտածում էի, որ դուրս գանք, հետո կզանգեմ ու կասեմ, որ համաձայն չենք:

Զարմուհիս հայացքով հասկացրեց, որ ես սուս մնամ ու մտավ իրեն բնորոշ խաղարկային դերի մեջ: Նա փոքր ինչ դժգոհ ու բարկացկոտ արվեստական տոնով դարձավ ձևավորողին՝

- Բարձր գին եք ասում, էդ գնին էլ մենք կհամաձայնվենք, եթե Դուք մեզ բացատրեք, թե Ձեր նման ազնվականն ինչպե՞ս է հանդուրժում իր մեջ ապրող ճարպիկ գործարարին:

Այդ մարդը փոքր ինչ շփոթվեց, հասկացավ ակնարկը և նախապատվությունը տվեց իր մեջ ապրող ազվականին փրկելուն: Բավականին գումար պակասեցրեց ու պատասխան սպասող հայացքով նայեց զարմուհուս:

-Համաձայն ենք հարգելի՛ս, բայց, մի քիչ էլ պետք է պակասեցնեք,-դժգոհող տոնը պահելով ասաց Էլիզան:

-Ինչքա՞ն,- սրտնեղած հարցրեց ձևավորողը:

-Այնքան, ինչքանով, որ կգնահատեք Ձեր և այս գործը բարեխոսող Ձեր ընկերոջ մտերմությունը: Ծանր կորստի առջև կանգնեց: Հրաժարվելը հոգեբանորեն անհնար էր: Փրկվեց նաև վաղեմի ընկերների մտերմության հեռանկարը:

-Հիմա գո՞հ եք,- ասաց նա:

-Մի քիչ էլ եթե պակասեցնեք, ամեն ինչ տեղը կընկնի:

-Հիմա ինչի՞ համար:

-Թեկուզ հենց էն բանի համար, որ Ձեզ հետ գնի համար սակարկում է իմ նման ժպտերեսիկ ու սիրունիկ մի աղջիկ:

- Ինչի՞, դա էլ է փողով,- ժպտալով ասաց այդ մարդը:

-Իհարկե, յուրաքանչյուր իրեն հարգող տղամարդ կոմունալ հարկերից բացի, կնոջ գեղեցկության համար էլ պարտավոր է հարկեր մուծել բայց ոչ պետությանը,-խորամանկ ու ծիծղուն ժպիտը դեմքին կատակում էր զարմուհիս: Դա կոչվում է գեղեցկության հարկ: Կրկնում եմ, գեղեցկության հարկ մուծում է միայն իրենց հարգող տղամարդը:

Այդ մարդը լրիվ զինաթափվեց և պակասեցրեց գումարը: Պակասեցրած գումարի չափից պարզ դարձավ, որ նա չափազանց մեծ հարգանք ունի իր անձի հանդեպ:

Գործը արվեց մեզ համար ձեռնտու գնով:

Տուն եկանք: Զարմուհիս ասաց, որ ես չխառնվեմ, որ տպարանի հարցերն էլ ինքը կլուծի:

Զանգեցինք մի տպարան: Պատասխանողը՝ տպարանի տնօրենը, պարզվեց, որ կին էր:

-Ալլո, տպարանի տնօրենն է: Ես Ձեզ ինչպե՞ս դիմեմ,-երգեցիկ ու շողոմ ձայով սկսեց զարմուհիս: Տնօրենն ասել է՝ տիկին Վարդուհի:

- Այ քեզ հրաշք, տիկին Վարդուհի ջան, նախքան հիմնական խնդրին անցնելը, ասեմ որ սա ոնց որ երջանիկ պատահականություն լինի. վարդը իմ սիրած ծաղիկն է, Վարդուհին էլ իմ սիրած անունը: Էդ էլ ասեմ տիկի՛ն Վարդուհի ջան, որ դուք արտակարգ երաժշտական ձայն ունեք և տարիների իմ փորձից գիտեմ, որ հնարավոր չէ, որ նման ձայն ունեցողը նաև չափազանց գեղեցիկ չլինի: Պատասխանից ենթադրվում է, որ տնօրենը շոյվել նման նախաբանից և ասել է՝ շնորհակալ եմ աղջիկս հաճոյախոսության համար:

-Հարգարժան տիկին, ես քսանն անց եմ, Դուք ինձ աղջիկ եք ասում, բայց հաշվի առնելով ձեր ձայնական տվյալները, ես ձեզ 30-ից 35 տարեկան հազիվ տայի:

Տիկինն ասել է՝ չէ աղջիկս մեծ եմ, շատ մեծ եմ: Բայց, ի՞նչ խնդիր ունեք:

-Գրքի տպագրության խնդիր է տիկի՛ն Վարդուհի ջան,, բայց մինչև բուն խնդրին անցնելը, Ձեր ասածին եմ ուզում անդրադառնալ՝ պետք չի այդքան տխուր ձայնով ասել՝ մեծ եմ: Մեծությունն էլ, տարիքն էլ իր արժանիքներով է զարդարում կնոջը:

-Տարիքը բացի կնճռոտվելուց, հոգսերից, ի՞նչ արժանիքով կարող է զարդարել կնոջը:

- Սիրելի Տիկի՛ն, ես կարծում եմ, որ տարիքը նախ զարդարում է կնոջ հոգին: Նա դառնում է ավելի բարի, մեծահոգի, ուրիշներին ձեռք մեկնող: Իր մեջ մեռնում են հարստանալու գծուծ հատկություները, ինքը դառնում է բարի մայր բոլորի համար:

Տնօրենը անցավ գործնական խոսակցության:

-Իսկ ինչո՞ւ եք հատկապես մեր տպարանն ընտրել, աղջիկ ջան:

-Գործից հասկացող մարդիկ մեզ ասին, որ հատկապես ձեր հրատարակչությունը քաջ գիտակցում է գրքի արժեքը մեր ժողովրդի կյանքում, էդ պատճառով էլ մատչելի գներով է տպում:

-Լավ աղջիկ՛ս, գրքի տվյալները, ծավալը, էջերի քանակը և տպաքանակն ասեք, ես կհաշվարկեմ: Մի քանի րոպե հետո տնօրենն ասաց տպագրության ծախսը ու ավելացրեց, քանի որ դու այդքան լավ աղջիկ ես, ես համեստ գին եմ ասում:

-Տիկին Վարդուհի ջան, չգիտեմ ինչու, ես հոգով զգում եմ, որ Դուք կարող եք մի քիչ ավելի համեստ գին էլ ասել, արտակարգ փաղաքշական ձայնով ասաց զարմուհիս: Տիկին Վարդուհին փաղաքուշ ձայնից հուզվելով քսան հազար էլ պակասեցրեց:

-Գո՞հ եք:

-Իմ շատ սիրելի տիկին Վարդուհի ջան, էդ էլ ասեմ, որ էս գիրքը ազգի համար էնքան անհրաժեշտ ու հզոր գաղափարներ է պարունակում, որ իմացեք, որ լավություն եք անում ոչ թե գրքի հեղինակին, այլ ազգին, համայն հայությանը: Էնպես որ մի քիչ էլ իջեք:

Պարզվեց, որ տիկին Վարդուհին հայրենասեր կին էր, հուզվեց ու հանուն ազգի իմ գրքով երաշխավորված «լուսավոր» ապագայի, քառասուն հազար էլ պակասեցրեց:

-Տիկին Վարդուհի ջան, ես Ձեզ խնդրում եմ մի քիչ էլ իջեք, որպեսզի մեր նորաստեղծ բարեկամությունը դնենք ավելի հաստատուն հիմքերի վրա ու գրքով գանք,- շարունակեց:

Տիկին Վարդուհին ստիպված քսան հազար էլ իջավ:

-Գո՞հ եք:

-Տիկին Վարդուհի ջան, անկեղծ որ ասենք, ես չգիտեի, որ «մի քիչը» Ձեզ մոտ էդքան քիչ ա:- Տիկին Վարդուհին ծիծաղեց ու քսան հազար էլ իջավ: Հասկացրի, որ էլ չշարունակի:

Պարզ էր, որ սակարկությունը, եթե էդպես շարունակվեր, գիրքը երևի թե տնօրենի՝ տիկին Վարդուհու, հաշվին, նրա աշխատավարձով էինք տպելու:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ. Գ.

Գիրքը տպվեց: Էլիզան տանեցիներին ասել էր, որ իր սակարկության շնորհիվ է, որ ասված գնի կեսով է գիրքը տպվել: Քույրն ասել էր՝ ինչի՞ քեռին չէր կարող ինքը սակարկել:

-Քեռին էդքան խելք չունի, իրեն թողնես նստի խելքից դուրս գրագետ, խելոք ու բարդ բաներ գրի:

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ